Անօդաչու թռչող սարքը (դրոն) օգնել է  փրկել երկու ավստրալիացիների, որոնք հայտնվել էին բաց ծովում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Surf Life Saving կազմակերպության կայքը:

Տեղեկացվել է, որ փրկարարները պատրաստվել էին պետական ծրագրով շնաձկների հարձակումների քանակի նվազեցման շուրջ փորձեր իրականացնել, երբ  ազդանշան են ստացել բաց օվկիանոս  դուրս եկած  սերֆինգով զբաղվող երկու մարզիկի փրկության անհրաժեշտության մասին: Փրկարարներն անմիջապես փրկարարական սարքավորումներ են կցել դրոնին, եւ  այն ուղղել դեպի  դեպքի վայր:

Ամբողջ գործընթացը նկարահանվել է դրոնին ամրացված տեսախցիկով։ Կադրերում երեւում է, թե ինչպես է  դրոնը խեղդվողների ուղղությամբ հատուկ լաստանավ նետում,  որի միջոցով դեռահասները կարող էին հասնել ափին:

Կազմակերպությունում  նշել են, որ սա դրոնի կիրառմամբ փրկարարական գործողությունների առաջին դեպքն է։

Փրկարարական ծառայության աշխատակիցների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը զգալի արդյունավետություն է ցուցաբերել մարդկանց փրկելու հարցում: