Ես լուրջ եմ վերաբերվում ՀՀ նախագահի յուրաքանչյուր հայտարարությանը, բայց մենք հավակնություններով ու ցանկությամբ առաջ չենք շարժվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե պաշտոնապես այլևս երբեք չի հավակնելու վարչապետի պաշտոնին:
«ՀՀԿ-ն վերցրել է երկրի պատասխանատվությունը եւ մենք պետք է գտնենք նպատակահարմար, թե ով կարող է այդ ղեկը ստանձնել եւ որ պաշտոնում, ոչ թե պետք է շարժվենք նրանով, թե ով ինչ հավակնություն կամ ցանկություն ունի: Տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը բացի ՀՀԿ առաջնորդը լինելուց, նա շարքային կուսակցական է եւ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»,-հայտարարեց Բաղդասարյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Արդյոք ձեր հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հետագայում եւս Սերժ Սարգսյանի հայտարարությունների իսկությունը պարզելիս մենք պետք է նրանից տեղեկանք վերցնեք, թե նա որպես ՀՀԿ-ի շարքային անդամ այդ հայտարարությունը համաձայնեցրե՞լ է կուսակցության հետ եւ արդյոք կուսակցությունը իրավասություն ունի այդ հայտարարությունը չեղյալ համարելու, թե ոչ»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր հայտարարությունների, իր կարծիքի մեջ, բայց յուրաքանչյուր պարկեշտ քաղաքական գործիչ պարտավոր է ենթարկվել քաղաքական որոշումներին:
Նշենք, որ 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ խորհրդարանական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:











