Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւս Սերժ Սարգսյանին անփոխարինելի առաջնորդ է համարում: Այս մասին, սյաօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Իհարկե, կյանքն է ապացուցել: Այս 30 տարիներն ապացուցել են, որ նա իսկապես անփոխարինել է»,-ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ ՀՀ 4-րդ նախագահ ԱՐմեն Սարգսյանին՝ նշելով. «Ինքը ունի շատ մեծ կապեր դրսերի հետ, շատ մեծ ինտելեկտի տեր անձնավորություն է: Կարծում եմ՝ իր ունեցած կապերը, հնարավորությունները կնպաստեն մեր երկրին»:

Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ հնարավոր պատերազմի դեպքում մեզ անհրաժեշտ են Վազգեն Սարգսյանի նման լիդերներ, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Այսօր շարունակվում է այն ծրագիրը, որը նախատեսել էր Վազգեն Սարգսյանը: Այսօր էլ Վազգեն Սարգսյանի տեսակը կա: Նրա ընկերները պատրաստակամ են, պատերազմն ինչքան էլ սկսի, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մտահոգվելու խնդիր ունի: Մենք պատրաստ ենք պատերազմին դիմակայելու եւ սահմաններն ամուր պահելու: Այսօր ունենք հզոր բանակ, պատրաստակամ երկրապահ, տղաներ, որոնք պատրաստ ենք: Մենք պատերազմից չպետք է վախենանք: Պատերազմը մեզ համար պետք է լինի այնքան սովորական: Մեր ազգն իր ակնունքներից սկսած մինչեւ էսօր միշտ էլ պատերազմի մեջ է եղել»:

Սուրիկ Խաչատրյանը հավելեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ավելի պատրաստ ենք պատերազմի, քանի որ ամեն պահի կարող են անակնկալներ լինել: