Մենք մի քիչ դժգոհող ազգ ենք: Հիմա մարդը չի ուզում աշխատի, իշխանություններից դժգոհում է, էդպես ոնց կլինի: Այս մասին, սյաօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հասարակությունը դժգոհ է իշխանություններից ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
«Գյուղում ապրող մարդուն իշխանություններն ի՞նչ պետք է անեն, եթե նա ունի սեփականաշնորհված հողեր, ունի մեծ հնարավորություններ անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվելու համար: Երբ, որ մարդը չի աշխատում... գյուղի բոլոր բնակիչների համար ստեղծված են նույն պայմանները, բայց մի մասն ապրում է շատ լավ, մի մասը՝ շատ վատ: Հիմա պետք է ենթադրենք՝ դա իշխանությունների՞ց է կախված, թե էդ մարդկանցից, որ աշխատել չեն սիրում»,-ասաց նա:
Նախկին մարզպետի խոսքով, սովետական տարիներին գյուղը հարուստ էր, դրա համար քաղաքն էլ հարուստ էր. «Մինչեւ գյուղը չհարստանա, քաղաքը հարուստ չի լինելու: Գյուղացին պետք է աշխատի, աշխատել սովորի, ոչ թե անասունը մորթի, ծախի նպաստ ստանա, այլ ընդհակառակը՝ պետք է անասունների քանակը շատացնի, իր սեփականաշնորհված հողը մշակի: Եթե գյուղացին չաշխատեց, քաղաքում հարստություն չի լինի»:











