ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկում է, որ օրենքով երդում տալու եւ ուղերձներ հղելու լիազորությունը տրվի միայն աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների առաջնորդներին, իսկ մյուսներին դա արգելվի:

«Ընդհանրապես բոլորս ականատես ենք եղել, որ ամենատարբեր պատճառներով մեր երկրում տարբեր կալիբրի չինովնիկները սկսում են կապկել երկրի ղեկավարի հոգեւոր եւ աշխարհի իշխանության ղեկավարներին, ինչն արտահայտվում է երդումներ տալով ու ուղերձներ հրապարակելով»,-ԱԺ-ում, այսօր՝ մարտի 6-ին, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց Ֆարմանյանը:

«Եկեք երդման արարողությունը, որպես այդպիսին, բացառիկ վերապահենք միայն պետության գլխի համար: Ի՞նչ անհրաժեշտություն կա, որ կառավարության անդամը երդում տա, բարձրագույն դատական խորհրդի անդամը երդում տա եւ այլն: Եկեք ուղերձները, երդումը վերապահենք միայն հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գագաթներին: Չստացվի, որ ամեն մի վարչության պետ բանակի առիթով ուղերձ հղի ժողովրդին»,-հայտարարեց նա:

Նա անդրադարձավ նաեւ օրինագծի այն դրույթին, որ կառավարության անդամների ելույթները պետք է համահունչ լինեն կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին՝ նշելով, որ քաղաքական տրամաբանությունն ինքնին ենթադրում է, որ նախարարի ելույթը չի կարող հակասել կառավարության քաղաքականությանը, դա քաղաքական մշակույթը պետք է կարգավորի, ոչ թե օրենքը, քանի որ դրանից շեղումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ: Նույնը վերաբերում է նաեւ մեկ այլ դրույթի, ըստ որի, կառավարության անդամին առանց վարչապետի թույլտվության կառավարության նիստում քննարկված հարցի վերաբերյալ կարծիք հայտնելը սահմանափակվում է:

Դավիթ Հարությունյանը համաձայնեց, որ դա քաղաքական մշակույթի տարր պետք է լինի, բայց եթե դա դեռ այդպես չէ որոշ դեպքերում, օրենքի դրույթը օգնում է, որ այն դառնա քաղաքական մշակույթի տարր: