Մենք ունենք խորը մտահոգություններ երկիրը խորհրդարանականի փոխարեն սուպերվարչապետական դարձնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով, ԱԺ-ում քննարկվող եւ ընդունվող օրենքները ուղղված են հենց դրան. «Մի կողմից կարելի է ականջալուր լինել հիմնավորմանը, որ ապաքաղաքական կառույցները պետք է քաղաքականությունից դուրս լինել եւ չեն կարող լինել նախարարություն, բայց այդ դեպքում ինչո՞ւ ՊՆ-ի դեպքում այդպես արված չէ: Մյուս կողմից ամենաապաքաղաքական կառույցները պետք է լինեն կրթական հաստատությունները, մինչդեռ շրջանառության մեջ է կրթության մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է, որ բուհերի կառավարման խորհուրդները նշանակվում կամ հաստատվում են վարչապետի կողմից: Այսինքն ամեն ինչ արվում է, որ երկրի վերահսկողական լծակները լինեն մեկ անձի վերահսկողության տակ»,-ընդգծեց Գորգիսյանը:

Նա հիշեցրեց, որ երբ նշում էին, որ անցնում ենք խորհրդարանական կառավարման, ասվում էր, որ այլեւս չպետք է մեկ անձի որոշումներից, մեկ անձի հիվանդություններից կախված լինի մեր երկրի ապագան եւ զարգացումները. «Մենք հիմա անում ենք 100 աստիճան հակառակը՝ բոլոր կարեւոր օղակները դնում ենք վարչապետի ենթակայության տակ: Ի վերջո, ունենում ենք վարչապետ, որը վեր է բոլոր տեսակի վերահսկողություններից, պատասխանատու չէ եւ հաշվետու չէ որեւէ մեկի: Ունենում ենք սուպերվարչապետ, ինչ-որ մի հրեշ, որը ամենաթողությամբ է օժտված լինելու:

Մենք գնում ենք տոտալ միահեծան իշխանության, տոտալիտար կառավարման մոդելի, ինչն անընդունելի է, պարոնայք: Քանի դեռ ուշ չէ, սթափվեք եւ ի վերջո թույլ չտանք, որ մեր երկիրը վերադառնա կոմունիստական կառավարման մոդելի»,-ընդգծեց նա: