«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրու վագոն-տնակներում եւ կիսակաքանդ շենք-շինություններում բնակվող, գործազրկության եւ ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր:

Կազմակերպության ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ աղքատությունն առավել տեսանելի է երիտասարդ բազմազավակ եւ հատկապես անօթեւան ու առանց տղամարդկանց մնացած ընտանիքներում:

Յուրաքանչյուր շրջայցից հետո թվում է, թե վերջ, այլեւս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների եւ երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների:

Ներկայացվող տեսանյութը 3 մանկահասակ երեխաներով, կիսաքանդ տանը վարձով բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի հայրը մի քանի ամիս առաջ շատ-շատերի նման մեկնել է արտերկիր աշխատանք գտնելու հույսով: Ի դեպ, երեխաներից ավագը՝ 7-ամյա Նարեկը, մեր այն հարցին, թե ինչ է երազում դառնալ, իր հասակակից երեխաներից շատերի նման անվարան պատասխանեց՝ զինվոր...