Որեւէ մեկն իրավունք չունի ասել՝ պատգամավորի հարցը կոռեկտ է, թե ոչ, արժի՞ հնչեցնել, թե չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադարձավ նախօրեին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարցից հետո այլ պատգամավորների արձագանքներին:

«Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, երբ հարց է ուղղվում կառավարությանը, իմ խորին համոզմամբ միայն կառավարությունը իրավունք ունի որոշել՝ հարցին պատասխանել, թե ոչ: Ես հարգում եմ բոլորին, բայց ոչ ոք իրավունք չունի տեղից կարծիք արտահայտել, թե այդպիսի  հարցը տամ, թե չտամ, դա կոռեկտ է, թե կոռեկտ չէ: Խնդրում եմ եւ հորդորում՝ նման ինքնիրավչությամբ հանդես չգալ, որովհետեւ հանկարծ կոպիտ կհակադարձեմ ու շատ անհարմար վիճակ կստեղծվի: Կարծում եմ, որ դուք էլ եք ինձ հետ համակարծիք, որ ոչ ոք իրավունք չունի տեղից հեգնել, որեւէ պատգամավորի կարծիք»,-ընդգծեց Գերեւորգ Պետրոսյանը:

Սրան արձագանքեց նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Ես ընդունում եմ իմ բոլոր գործընկերների կարծիք արտահայտելու իրավունքը եւ միեւնույն ժամանակ կարծում եմ, որ ԱԺ-ում պետք է տիրի փոխադարձ հարգանքի, կոռեկտության մթնոլորտ»:

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Գեւորգ Պետրոսյանը հարց ուղղեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանին. «ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ: Ինչո՞ւ եք խորշում խորհրդարանական վերահսկողության բաղադրիչը կազմող լսումներից որպես համակարգի պատասխանատու: Երկրորդ, արդեն մեկ տարի է ղեկավարում եք առողջապահության նախարարությունը, ձեւակերպեք մի կետ, որտեղ դուք ունեք հաջողություն, երրոդ ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարը ամենաժպտադեմ նախարարն է»:

Տեղից վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ասաց. «Իսկ կոռե՞կտ է տենց հարց տալը»: