Ուջան գյուղի մոտ այսօր՝ ապրիլի 12-ին, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում Ուջանի նախկին համայնքապետ Առաքել Հարոյանը նշեց, որ նրանք հիմնականում Ուջանի քարհանքից քար տեղափոխող բեռնատարների վարորդներն են, որոնք բողոքում են բեռնատարի ավել քաշի դեպքում 500 հազար դրամ տուգանքի դեմ:

«Մարդիկ մի քարի մեջ 60 դրամ են աշխատում, բայց էսօր էդքան մեծ տուգանքներ են սահմանում, էդ խեղճերը ի՞նչ անեն, մի երկու կոպեկ փող էլ չեն աշխատի: Այս պահին նրանք պահանջում են, որ կառավարությունից ներկայացուցիչ գա եւ իրենց խնդրին լուծում տա»,-ասաց նախկին գյուղապետը:

Նշենք, որ բողոքողները վճռական են տրամադրված եւ ճանապարհը այնքան ժամանակ չեն բացի, մինչեւ իրենց հետ համապատասխան մարդիկ չհանդիպեն:

Բողոքողներին այս պահին ոստիկանության աշխատողները համոզում են բացել ճանապարհը: