Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որոնք են նրա քաղաքական հենարանը համարվող ուժերը. «Երեք քաղաքական ուժեր հայտարարել են, որ սատարում են շարժմանը: Քաղաքական պատասխանատվությունը կրելու են հենց ա՞յդ ուժերը, որո՞նք են ձեր քաղաքական հենարանը համարվող ուժերը»,-հարցրեց Հովհաննիսյանը:

«Մենք այսօր ֆորսմաժորային իրավիճակում պետք է գնանք լուծումների: Պետք է արձանագրենք այն շրջանակը, որ նպաստում է այդ լուծումներին: Պետք է հասկանանք այդ շրջանակի մոտիվացիաները եւ փորձենք ձեւավորել թեկուզ այն ժամանակավոր հենարանը, որի հետ համագործակցելով կառավարությունը պետք է գործի: Այս փուլի քաղաքական գործողություների քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր շարժումը եւ ես անձամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Խորհրդարանական երկու ուժեր՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ եթե մյուս ուժերը հանդես գան մեկ թեկնածուով, իրենց խոչընդոտ չեն հանդիսանա եւ մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը կունենա նոր վարչապետ: ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին ժամը 12,00-ին:

Արդյոք ազա՞տ են արձակվելու «Սասնա ծռերը». մեկնաբանում է Փաշինյանը (ուղիղ)