Արտահերթ ընտրությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման վրա: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն կողմ կլինի՞ արտահերթ ընտրությունների:

«Արտահերթ ընտրությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման վրա, ընդհակառակը՝ կարող է հետ գցել: Այսինքն ոչ թե ընդհանարպես ժխտում եմ, բայց եթե լիներ դրա անհրաժեշտությունը, մենք 2017-ի ընտրություններից հետո որեւէ բողոքի ակցիա կնկատեինք, ՍԴ-ում բողոքարկումներ կտեսնեինք: Բայց բոլորը երջանիկ էին այդ ընտրություններից հետո: Այսինքն ընտրությունները չէ, որ բողոքի ալիքի պատճառ է դարձել: Կան դժգոհություններ, որը չենք ժխտում»,-հայտարարեց Բաղդասարյանը:

Հարցին, թե Հայաստանն այսօր կունենա՞ վարչապետ, նա պատասխանեց. «Դա կախված է պատգամավորների տրամադրություններից: Համենայնդեպս մենք վարչապետ կունենանք իր սահմանադրական ժամկետում, որովհետեւ չի կարելի երկիրը պարալիզացված պահել: Եթե այսօր վարչապետ չի լինում, 7-օրյա ժակետում պետք է ունենանք ընտրություններ, հակառակ դեպքում, Սահմանադրությունը հուշում է, որ ԱԺ-ն տանում ենք լուծարման, իսկ դա մեր երկիրը բավական հետ կգցի»:

Դիտարկմանը, որ եթե վարչապետի ընտրությունը լինի մեկ շաբաթ հետո, ՀՀԿ-ն հնարավո՞ր է իր թեկնածուն առաջադրի, Բաղդասարյանն արձագանքեց. «Նկատի ունեցեք, որ մենք հայտարարել ենք, որ սեփական թեկնածուով հանդես չենք գա եւ մենք մեր խոստումը պահում ենք: Քաղաքական զարգացումներն այնքան արագ են զարգանում... մենք առայժմ թեկնածու առաջադրելու որոշում եւ մտադրություն չունենք, բայց ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից»:

Նա ընդգծեց, որ մտավախություն չունի, որ եթե այսօր վարչապետ չընտրվի, իրավիճակը կարող է լարվել. «Ես այն քաղաքական գործիչներից չեմ, որ ճնշման տակ գործողություն կատարեմ: Թող որեւէ մեկլի մտքով չանցնի, որ ճնշման տակ ես կարող եմ գործողություն կատարել: Մենք պետք է մտածենք, թե 6 ամիս հետո, մեկ տարի հետ մեր երկիրն ինչ առաջընթաց կունենա, կամ ընդհանրապես կունանա, թե ոչ»:

ՀՀԿ-ի որոշումը կլինի միաձայն. Վահրամ Բաղդասարյան