Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում այսօր Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական զորահանդես էր կազմակերպվել: Առաջին անգամ ցուցադրվել է հայոց բանակի անցած 100-ամյա ուղին: Զինվորական շարանցմանը մասնակցել են Հայաստանի ու Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախույզներն ու խաղաղապահները, ինչպես նաեւ ԱԱԾ սահմանային ծառայության, ոստիկանության, ԱԻՆ-ի ստորաբաժանումներն ու ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները: Միջոցառմանը ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ՝ տոնական միջոցառմանը մասնակցության հետ կապված տհաճ իրավիճակ է ստեղծվել: Ազգային ժողովի խոսնակը Սարդարապատ չէր գնացել: Խորհրդարանի աշխատակազմից պարզաբանել են, որ «ոչ համարժեք վերաբերմունք է դրսեւորվել». Արա Բաբլոյանին հրավիրել են ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ որպես ՀՀԿ խմբակցության անդամ, որից, ի դեպ, հրավիրված է եղել միայն երեք պատգամավոր: Արմեն Աշոտյանն էլ, անդրադառնալով այս իրավիճակին, հայտարարել է, թե «այսօրվա տոնը ոչ մեկի դասարանի քեֆը չէ», իսկ դրեւորված մոտեցումը «հակասում է օրվա խորհրդին, միասնականության եւ սիրո ու համերաշխության կոչերին»:
Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակում Մուսալեռ գյուղում այսօր հուշաղբյուր է բացվել: Այն տեղադրվել է Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի հարեւանությամբ, իսկ բացումը կատարել են Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները:
Ժան-Իվ լը Դրիանն առաջին անգամ է Հայաստանում: Այսօր նա եղել է Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ աշնանը Երեւան այցին վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, որի բանակցություններում Ֆրանսիան միջնորդներից մեկն է. Ժան-Իվ լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար ընդունելի չեն ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը:
Դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական վարչության կողմից ներկայացված միջնորդությունները. «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով անցնող երեք մեղադրյալներիը կալանավորվել են: Խոսքն ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանի, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի եւ հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանի մասին է: Ձերբակալվել էր նաեւ ընկերության գանձապահը, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել: Զոհրաբյանի եւ Առաքելյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասում է՝ իր պաշտպանյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Փաստաբանը նաեւ հիմնավոր չի համարում կալանավորման համար ներկայացված հիմքերը:
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի ներկայացուցիչները ձերբակալվել են ԱԱԾ կոռուպցիոն բացահայտումների գործողությունների շրջանակում: Ծառայության տվյալներով՝ այստեղ հանցավոր սխեմա է մշակվել, որի միջոցով խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Այս գործով հարցաքննության են կանչվել նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահի երկու նախկին տեղակալները:
ԱԱԾ տնօրենը խոստանում է առաջիկայում հայտնել այլ բացահայտումների մասին: Արթուր Վանեցյանը չի բացառում, որ հարցաքննության կանչվեն նաեւ նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանի որդին առաջիկայում բանակ է զորակոչվելու: Facebook-ի ուղիղ եթերում վարչապետը նշել է, որ մարտին Աշոտը 18 տարեկան է դարձել եւ որոշել է ծառայության մեկնել Արցախ: Ինքը՝ Աշոտ Փաշինյանը, բացատրել է որոշման պատճառը: Նիկոլ Փաշինյանը նաեւ այս առիթն օգտագործել է՝ արտերկրում գտնվող եւ զինծառայությունից խուսափող բոլոր երիտասարդներին կոչ անելով վերադառնալ ու ծառայության մեկնել: 18 տարեկան է նաեւ պաշտպանության նախարարի որդին: Դավիթ Տոնոյանն ասում է՝ նա նույնպես առաջիկայում կզորակոչվի, սակայն դեռ չգիտի, թե որտեղ է նա ծառայելու:
Լոռու մարզում՝ Դեբեդ եւ Դսեղ գյուղերի միջեւ, բացվել է «ՍՄԱՐԹ» կենտրոնը. այն ոչ ֆորմալ կրթական կենտրոն է, որից առայժմ օգտվելու են երեխաներ հարակից գյուղերից: Նախագիծն իրականացրել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենը. կենտրոնի ստեղծման համար 5 մլն դոլարի ներդրում է արվել: Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Գարո Արմենը հայտարարել էր, որ 20 նման կենտրոնի ստեղծման համար մինչեւ 200 մլն դոլար է անհրաժեշտ՝ վստահեցնելով, որ նման կենտրոնների համար այդ գումարը գտնելը դժվար չի լինի: Հիմա արդեն COAF-ի հիմնադիրը մտածում է նախագծի ընդլայնման մասին:
ՍՄԱՐԹ կենտրոնում գործելու է համակարգչային սենյակ, լինելու են ռոբոտաշինության, արհեստների ու արվեստների կենտրոններ, մանկան զարգացման սենյակ: Կենտրոնի ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում, երաժշտական տեսահոլովակների ստեղծում:
Հանգստյան օրերին Երեւանում էր Էլթոն Ջոնը: Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտը Հայաստան էր ժամանել բարեգործական ծրագրով: Նախագահ Արմեն Սարգսյանի եւ Starkey հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ նա «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում լսողական սարքեր բաժանեց լսողության խնդիրներ ունեցող հայ երեխաներին:
Կարճատեւ այցի ընթացքում Էլթոն Ջոնը հասցրել է նաեւ հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, ընթրել Նիկոլ Փաշինյանի հետ, հայկական խոհանոցի ուտեստներ համտեսել: Երաժիշտն ասել է՝ բազմաթիվ հայ ընկերներ ունի Անգլիայում եւ Ամերիկայում, եւ ուրախ է նաեւ Հայաստանը տեսնելու համար: Արմեն Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ սա բրիտանացի երաժշտի վերջին այցը չէ:
Մայիսի 29-31-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:











