Ես քրեական ոլորտի մեծ գիտակ չեմ, այդուհանդերձ կասեմ, որ խափանման միջոցները փոխվել-չփոխվելը որեւէ էական նշանակություն ունենալ չի կարող դատավարության իրականացման տեսանկյունից: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու նախկինում խափանման միջոց կալանքները դատարանը չէր փոխում այլ խափանման միջոցով, իսկ հիմա այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է. «Թե ինչու նախկինում չէր փոխվում, հիմա փոխվում են, դա դատավարական սովորական ընթացակարգով որոշվում էր եւ լուծումներ էր տրվում այդ հարցերին: Նույնիսկ խափանման միջոց չփոխելը կամ միջնորդություն հարուցելը դա էլ էր լուծում տալ դատավարական տեսանկյունից: Ես այդ ոլորտի վերաբերյալ դատաողություններ անելու իրավունք չեմ վերապահի»:
Անդրադառնալով դատական համակարգի թերություններին, Խունդկարյանը նշեց. «Դատական համակարգը զարգացող, անընդհատ շարժման մեջ գտնվող օրգանիզմ է եւ այս բարեփոխումները, որ տեղի ունեցան 2015-ի սահմանադրական փոփոխություններով, սրանք կատարվում են հենց այն միտումով, որ մենք տեսել ենք խնդիրներ եւ այդ խնդիրները վեր են հանվել եւ լուծումներ են տրվել:
Վճռաբեկ դատարանի դեպքում եթե նախկինում վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու համար օրենքի միատեսակ կիրառության տեսանկյունից պետք է ունենար իրար հակասող եւ ուժի մեջ մտած 2 դատական ակտեր, ներկայումս նախատեսվում է, որ եթե դիմողը կողմը մատնանշում է ուժի մեջ մտած մեկ դատական ակտ, որպեսզի ակտով տրված մեկնաբանությունը հակասում է իր գործով տրված մեկնաբանությանը, ապա դա պարտավորեցնում է վճռաբեկ դատարանին վրույթ ընդունել բողոքը:
Բացի այդ,եթե նախկինում յուրաքանչյուր դատական սխալ, որն ազդել էր գործի ելքի վրա, պարտավորեցնում էր վճռաբեկ դատարանին վարույթ ընդունել բողոքը, ապա ներկայումս բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ է, որ հիմնավորվի, որ տեղի է ունեցել անձի իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում:
Նույն դատական օրենսգրքում ունենք բազմաթիվ խնդիրներ կապված դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմավորման եւ դրանց Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցության հետ կապված: Մենք ունենք հին օրենսդրական դաշտ, ունենք նոր կարգավորումներ եւ դեռեւս փոփոխությունները վերջնական տեսքի չեն եղել որ համահունչ դառնան այսօրվա իրողություններին»:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որեւէ կերպ չի միջամտելու դատարանների գործունեությանը, արդյոք հին դատավորները կկարողանա՞ն աշխատել նոր իրողությունների պայմաններում, երբ Բաղրամյան 26-ից ցուցումներ չեն արվում, Խունդկարյանը պատասխանեց. «Ես ցանկանում եմ ասել, որ եթե մասնագետը, դատավորն իր էությամբ անկախ է, բոլոր իրավիճակներում կմնա անկախ: Իսկ եթե անկախ չէ, բնականաբար, անընդհատ պետք է ինչ-որ թեկուզ որեւէ հրապարակման պարագայում որոշակի ճնշումներ կունենա: Ես չեմ ուզում ասել, որ համակարգում գործող դատավորները միշտ ճնշումների են ենթարկվում, կամ մամուլին հետեւելով ուղղորդումներ են ունենում: Ես ինքս կարծում եմ, որ դատավորներն անկախ են այնքան, որքան իրենք իրենց էությամբ են զգում»:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ կոռուպցիոն բացահայտումները նաեւ դատական համակարգ կարող են հասնել, նա արձագանքեց. «Ես նման գնահատական չեմ կարող տալ, եթե համապատասխան մարմիններն աշխատում են, ես մտավախություն չունեմ»:











