ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել: Եռագույն ժապավենով եւ աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացան ոստիկանության պետից։
Նրանք աչքի են ընկել բարեխիղճ եւ սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։
Ոստիկանության պետը փաստեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, եւ, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ։ «Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը եւ պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի ու բարձր պատրաստակամությամբ»,- ընգծեց ոստիկանության պետը։












