Կառավարության այսօրվա՝ հուլիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին,  պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաեւ անկախ պետական մարմիններին, նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարին հանձնարարեց յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն:

«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաեւ հանձնարարեց աշխատակազմին վերահասցեագրված դիմումները մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:

«Շատ դեպքերում քաղաքացիների նամակներին ցավոք տրվում է «ցրողական» պատասխան, ստանդարտ պատասխան, որ վերահասցեագրել ենք կամ չենք զբաղվում այս խնդրով եւ այլն: Սա նախարարների անձերից չէ կախված, մի քիչ համակարգային խնդիրներ ունենք, բայց պետք է մտածենք այս ոլորտում արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Պետք է հաղթահարենք այս ցայտնոտը եւ խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- ասաց Փաշինյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ հարցը կարեւոր է, բայց խնդիր կա՝ քաղաքացիները նույն նամակը ուղղում են եւ՛ կառավարությանը, եւ՛ նախարարությանը. «Երբ նախարարություն է գալիս՝ դնում ենք ժամանակացույցի մեջ, որ պատասխանենք, մեկ էլ նույն նամակը կառավարությունից գալիս է»: Արայիկ Հարությունյանը հավելեց, որ անցյալ տարի նախարարությունում օրական 50-70 նամակ են ստացել, այս տարի՝ 300-ից 500: