Նորավարտ սպաներն առաջիկա օրերին ծառայության կմեկնեն սահմանային զորամասեր: ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիսավոր արարողության ժամանակ նրանք ստացան ավարտական փաստաթղթերը, ինչը նշանակում է՝ զինվորականի կարիերայի մեկնարկը տրված է:
ՊՆ մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ Զոհրաբ Ավետիսյանի աչքերը փայլում են. նա այսօր իր մանկության երազանքն է իրականացրել:
«Մանկությանս երազանքն էր օդաչու դառնալ: Երազանքս հետո դարձավ առաջ գնալու հնարավորություն, նպատակներն իրագործելու միջոց: Շատ հետաքրքիր մասնագիտություն է, ադրենալինով լի, երկնքում լինելն ուրիշ զգացողություն է, հաճելի: Ընտանիքը սկզբնական փուլում համաձայն չէր, ինքներդ էլ գիտեք՝ վտանգավոր մասնագիտություն է, բայց հետո նորմալ վերաբերվեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Զոհրաբ Ավետիսյանը՝ հավելելով, որ ծառայության է մեկնելու Գյումրի:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Ասատուր Շահնազարյանն էլ Մեղրիում է ծառայելու: Մեզ հետ զրույցում նա նույնպես ընդգծում է, որ մանկության երազանքն է իրականություն դարձրել:
«Երկու տարբերակ էի մտածում՝ կա՛մ իրավաբան, կա՛մ զինվորական: Ծնողներիս միջնորդությամբ որոշեցի ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ինժեներ եմ աշխատելու, բարդ աշխատանք է ինձ սպասվում, որովհետեւ պայթյունավտանգ նյութերի հետ եմ աշխատելու»,- ասում է Ասատուրը:
Նույն համալսարանի շրջանավարտ Գալուստ Պապյանը հոր օրինակին է հետեւել: Հայրն արցախյան պատերազմին է մասնակցել, հիմա էլ զինվորական է: «Տեսել եմ՝ հայրս ինչպես է աշխատում: Շատ ժամանակ ծննդյան տոների չի մասնակցել, ուրախ միջոցառումների չի եկել, բայց այս հանգամանքն ինձ հետ չի պահել իմ որոշումից: Պետք է հորս գործը շարունակեմ: Միայն մայրս մի քիչ ծանր տարավ, որ իմացավ «Եղնիկներում» եմ ծառայելու, բայց դե՝ տնեցիներն արդեն համակերպվել են: Ես սահմանամերձ գյուղից եմ, սահման տեսել եմ, դրա համար սահմանային զորամասում ծառայելուց չեմ նեղվում»,- ասում է Գալուստ Պապյանը:
Նշենք, որ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտել է 85 կուրսանտ, իսկ ռազմական ավիացիոն համալսարանը՝ 57:











