«Ես եմ» ծրագրով անցկացվում է արդեն 2-րդ զորակոչը, եւ ծրագրի նկատմամբ բավական մեծ հետարքրքություն կա քաղաքացիների շրջանում:  Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ փոխգնդապետ Արեն Սարգսյանը:

«Զորակոչիկների շրջանում բավականին լայն աշխատանք է տարվում քարոզչական, ներկայացնելու նրանց ծառայության տեսակը ծառայության անցնելու պայմանները, հետագայում պատվովճարը ստանալու պայմանները, դրանք տնօրինելու ուղղությունները եւ զորակոչիկների շրջանում բավականին մեծ է հետաքրքրությունը ծառայության նկատմամբ, քանի որ ինքն  իր պայմաններով էականորեն տարբերվում է ժամկետային զինծառայության զորակոչից, քանի որ 1+1+2 ֆորմատը բավականին շահագրգռող է եւ ձեռնտու  պայմաններ է առաջարկում զորակոչիկներին»,-ասաց Արեն Սարգսյանը:

Նա նշեց, որ զորակոչիկների հիմնականում գրավում է ամսվա մեջ 1 շաբաթ տանը գտնվելու եւ ծառայության ավարտին գումար ստանալու հանգամանքը:

Նշենք, որ  «Ես եմ» ծրագրով  ծառայությունը տեւոմ է 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը անցկացնում է ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս զինծառայողին վճարվում է որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում: