Մյանմարում առնվազն 50 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից ջրհեղեների պատճառով, որոնք առաջացրել են չդադարող տեղատարափ անձրեւները: Reuters գործակալությունը հայտնում է, որ աղետի հարվածից ընդհանուր կարող է տուժել մինչեւ 100 հազար մարդ:

Երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային կոմիտեն գետերի մոտակայքում եւ ցածրադիր վայրերում բնակվող մարդկանց խնդրել է անհապաղ հեռանալ իրենց տներից, քանի որ ջրի մակարդակը սպառնալի չափից անցել է: Ուժգին հեղեղների հետեւանքով երկրի հյուսիսում ոչնչացվել է բետոնե կամրջի 60-մետրանոց հատվածը, միաժամանակ կենտրոնական շրջաններում սաստիկ տուժել են բրինձի դաշտերը եւ ճանապարհները: Շատ գյուղեր ամբողջությամբ ջրով են ծածկվել:

2015 թվականին Մյանմարում տեղի էր ունեցել ամենաուժգին ջրհեղեղներից մեկը, որի հետեւանքով զոհվել էր 100 մարդ եւ տարհանվել էր ավելի քան 330 հազարը: