Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարեց, որ դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 6-ին:
Մինչ այդ՝ ռեպլիկով հանդես եկան դատախազ Կարեն Բիշարյանը, մեղադրյալ Էլզա Զաքարյանը, նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները եւ անձամբ Իշխան Բարսեղյանը:
Էլզա Զաքարյանը դատարանին խնդրեց իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել:
Իշխան Բարսեղյանն էլ հայտարարեց. «Նորիկ Հակոբյանն ԱԱԾ գործակալ է. նրա հետ գործակցել են ԱԱԾ աշխատակիցներից մեկն ու Արմեն Հովհաննիսյանը, որը, եթե չեմ սխալվում, հիմա ԱԱԾ-ի Էրեբունու բաժնի պետն է: Վերջինը դեպքից դեռեւս ամիսներ առաջ հեռախոսային կապ է ունեցել ԱԱԾ պաշտոնյայի հետ, ընդ որում՝ ոչ թե ծառայողական հեռախոսահամարով, այլ անձնական: Ողբամ քեզ, հայոց աշխարհ, եթե ԱԱԾ աշխատողն իր անձնական հեռախոսահամարով է աշխատում»:
Դիմելով գործը քննող դատավորին՝ նախկին դատավորն ասաց. «Վերծանեք այդ հեռախոսահամարի խոսակցությունները: Պաշտպաններս այդպիսի միջնորդություն արել են, որը մերժել եք: Եթե բավարարեիք, իմ ասածները կհաստատվեին»:
Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղազարյանն էլ նկատեց. «Կասկածը բավարար չէր, որպեսզի ԱԱԾ-ն ներխուժեր անձի անձնական տիրույթ, 37 թվի պես չպետք է լինի: ԱԱԾ-ն խախտումներ է թույլ տվել անձնական կյանքի հանդեպ»:
Վերջին խոսքի ժամանակ Իշխան Բարսեղյանը դատավորին դիմեց՝ ասելով, որ արդար դատավճիռ կայացնի:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:











