Երևանի Հանրապետության փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 21-ին հաղորդում է ստացվել, որ հունիսի 16-ին ժամը 19:00-ի սահմաններում Երևանի Հանրապետության փողոցում գործող հագուստի խանութից երկու անձ փորձել են հագուստներ գողանալ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:











