Ազատ բնակարանների հայտեր ստացել ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով անապահով ընտանիքներին ժամանակավորապես բնակարանով ապահովելու իր նախաձեռնությանը:

«Ես կոչ էի արել մեզ հետ կապվել եւ ինֆորմացիա տրամադրել ազատ բնակարանի մասին, որը մենք կարող ենք ժամանակավոր տրամադրել շատ-շատ կարիքավոր մարդկանց: Եվ այդպիսի բնակարանների հայտեր մենք ստացանք, բազա ունենք, եւ այս ընթացքում մի քանի ընտանիքի, ում խնդիրը շատ հրատապ էր, կարողացանք տեղափոխել այդ բնակարաններ»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը նշեց, որ բնակարանի հարցով դիմողները բավական շատ են, եւ գործընթացը շարունակական է լինելու:

«Եթե մարդն ունի ազատ բնակարան ու պլաններ չունի այդ բնակարանի հետ կապված, եւ կա ընտանիք, որն ուղղակի տանիք չունի գլխի վրա, իմ կարծիքով, ոչինչ չի խանգարում ժամանակավոր լուծում գտնել: Բնականաբար, այդ տունը չի մնալու այդ ընտանիքին»,- հավելեց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց բնակարանն արդեն 3 շաբաթ է՝ հանձնել են անապահով բազմանդամ ընտանիքի՝ ժամանակավորապես այնտեղ բնակվելու համար:

Մինչ այդ՝ Աննա Հակոբյանը կոչ էր արել, որ նրանք, ովքեր ազատ բնակարաններ ունեն, կարող են դիմել իրենց, որպեսզի դրանք տրամադրվեն անապահով ընտանիքների: