Ինձ համար անասնաբուժությունն իդեալական մասնագիտություն է: Քեմբրիջի համալսարանում անասնաբուժություն ուսանելու մեկնող էմիլիա Սիմոնյանը վստահեցնում է, որ հետ է վերադառնալու Հայաստան՝ մեր երկրի զարգացման ընթացքն արագացնելու:
«Հստակ չեմ պատկերացնում, թե ինչ եմ անելու 6 տարի հետո, բայց այս պահի դրությամբ կարծում եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո գիտական հետազոտություններ կանեմ, քանի որ Հայաստանում անասնաբուժությունը շատ զարգացած չէ: Աշխատանք դժվար թե գտնեմ, երեւի լաբորատոր պայմաններում կաշխատեմ ու գիտությունն առաջ կտանեմ, մինչեւ որ բավարար ֆինանսներ կունենամ՝ կլինիկա բացելու եւ այնտեղ իմ ուսումնասիրությունները կատարելու համար»,- ասաց Էմիլիան:
Էմիլիան մեկ շուն եւ 3 կատու ունի: Պատմում է, որ կենդանիների հանդեպ սերը դեռ փոքրուց է եղել, եւ տարիների ընթացքում որոշել է, որ հենց անասնաբուժությունն է ընտրելու որպես մասնագիտություն:
«Այբ» ավագ դպրոցի սանուհին մեկն է այն 18 ուսանողներից, ովքեր «Լույս» հիմնադրամի 2018-2019 թթ. շահառուներն են, եւ հիմնադրամի գործունեության դադարեցման պատճառով ուսման վարձավճարի ֆինանսավորման մի հատվածը կստանան «Իմ քայլը» հիմնադրամին աջակցող բարերարներից:
Նշենք, որ մեկ տարվա ծախսը, ընդհանուր առմամբ, 90 հազար դոլար է, «Իմ քայլը» հիմնադրամը կապահովի միայն առաջին տարվա ծախսը: Աղջիկը, սակայն, վստահ է, որ միջոցներ կգտնվեն հետագա 5 տարիներին ուսումը շարունակելու համար:











