Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանգրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ նման պատկերն առաջիկայում անընդունելի է լինելու:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի կարևորությանը: Հատկապես կարևորել է համայնքային ոստիկանության ծառայության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման գործում:

Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Լոռու մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվել են ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով:

Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ է կայացել:

Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձել է առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջել է  հատուկ ուշադրություն դարձնել ծանր, առանձնապես ծանր և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտմանը:

Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվել է կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու՝ կադրային տրամաբանական սերնդափոխություն ապահովելու համար:

Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության մի խումբ ծառայողներ:

Խորհրդակցության ավարտից հետո ոստիկանության պետը պատասխանել է լրագրողների հարցերին:

Այնուհետև ոստիկանության պետն այցելել է  ոստիկանության Կումայրիի նորակառույց բաժին, տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքներին և դրանց որակին։ Պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարվել է բացառել շեղումները օրենքով սահմանված շինարարության պլանից և նախատեսված ժամկետներից: