Բժշկական համալսարան անվճար հիմունքներով ընդունված ուսանողներն այսօր՝ օգոստոսի 9-ին, բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
«Բժշկական համալսարան անվճար հիմունքներով ընդունված ուսանողները տարկետման կարգի փոփոխության մասին օրենքով զրկվել են ուսումը օրդինատուրայում շարունակելու հնարավորությունից»,–լրագրողների հետ զրույցում նշեց ուսանողներից Շահինյան Վարդանը։
Նրանք առաջարկում են հնարավորություն տալ ավարտել օրդինատուրան, որին կհետեւի բանակում ծառայությունը. «Ըստ մասնագիտության կլինիկական օրդինատուրան կարող է տեւել 1-4 տարի»։
Ուսանողները նշում են՝ ունեն երկու տարբերակ. «Մենք կարող ենք այժմ ընդունվել կլինիկական օրդինատուրա եւ շարքայինի կարգավիճակով զորակոչվել բանակ, որից հետո գալ եւ շարունակել ուսումը, մյուս տարբերակը ՊՆ–ի առաջարկած տարբերակն է՝ հետբուհական բարձրագույն կրթություն ստանալ ինտերնատուրայում մեկ տարի շարքայինի կարգավիճակում սովորելով, երկու տարի ծառայություն անցնել արդեն լեյտենանտի կոչումով եւ վերադառնալուց հետո ընդունվել կլինիկական օրդինատուրա»։
Բժշկական համալսարանի ուսանողները պահանջում են ինտերնատուրայում տալ լեյտենանտի կոչումը, պնդում են՝ կրթություն են ստացել ռազմական ամբիոններում, պետությունը իրենց տեղեր է ժամանակին հատկացրել, այժմ պետք է ստանան լեյտենանտի կոչում, քանի որ նախապես այդպես է եղել կարգը։
Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ համոզված լինելով, որ նա կտա համապատասխան լուծում։











