Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր՝ օգոստոսի 9-ին բողոքի ակցիա անցկացնող՝ Տեղ գյուղի բնակիչներին հորդորեց բացել միջպետական ճանապարհը:

Նշենք, որ Տեղ գյուղի բնակիչները մի քանի ժամ է՝ փակ են պահում միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքապետի հրաժարականը, նրանք նաեւ հանդիպում էին պահանջում մարզպետի հետ:

Մարզպետը գյուղացիներին ասաց, որ լավատեղյակ է խնդրին, խոսել է գյուղապետի հետ, գյուղացիների հետ, սակայն այս պահին խնդրում է, որ ճանապարհը բացեն, հետո քննարկումներ կանցկացնեն:

Գյուղացիները պայմանավորվեցին վաղը մարզպետարանում հանդիպել մարզպետի հետ եւ քննարկել խնդիրը:

«Մենք գյուղապետ չենք ընտրել, գյուղապետերը հավաքվել են մարզպետարանում, Խաչատրյան Սուրիկն ասել է, Տեղի գյուղապետը Շադունցն է, իրենք էլ ձեռք են բարձրացրել, ընտրել են, Շադունցը մեր ընտրյալը չէ»,- մարզպետին ասաց գյուղացիներից մեկը:

Մարզպետն էլ պատասխանեց, որ հասկանում է մտահոգությունները, սակայն  ճանապարհ փակելը ճիշտ չէ, եւ ինքն առաջարկում է մարզպետարանում խնդիրը չլուծվելուց հետո նոր ճանապարհ փակել. «Եթե իմանամ, որ ճիշտ ձեւաչափ է, մի հատ էլ ես աթոռ կդնեմ բորդյուրին, ձեզ հետ կնստեմ, բայց սա հարցի լուծում չէ»: