Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրեց ՀՀ մշակույթի նախարարության մոտ այսօր՝ օգոստոսի 22-ին, սկսած հացադուլը, քանի որ մշակույթի նախարարը խոստացավ զբաղվել անավարտ մնացած «Չնչիկ» ֆիլմի խնդրով:
«Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվեցինք, որ հացադուլը դադարեցվում է, որովհետեւ մենք հակառակ բեւեռներում չենք եւ կոչված ենք այստեղ լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել»,- լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարա Լիլիթ Մակունցը:
«Չնչիկ» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն էլ ասաց, որ ֆիլմի հետ կապված գործընթաց է սկսվում եւ այն ամենաթափանցիկ ձեւով է ընթանալու:
«Ներկայիս ազգային կինոկենտրոնը այնքան էլ կապ չունի Չնչիկի խորքային պրոբլեմների հետ: Մենք մշակույթի նախարաի հետ խոսեցինք ոչ միայն Չնչիկի խնդրի մասին, այլ կինոլորտի եւ կինոարտադրության ոլորտի խորքային խնդիրների մասին»,-ասաց ռեժիսորը:
Նախարար Մակունցը նշեց, որ ֆիլմի հետ կապված ինքը կհանդիպի Ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանի հետ եւ պարզաբանում կստանա այս կապակցությամբ:
«Հենց այսօր նիստ կհրավիրեմ տիկին Միրզախանյանի հետ հանդիպելուց հետո, ոչ թե որեւէ կերպ ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենալու նպատակով, այլ վստահ լինելու, որ այն ընթացակարգը, որով շարժվում է հանձնաժողովը, թափանցիկ է: Նաեւ պետք է ներկայացվեն բոլոր այն հայտերը, որոնք ներկայացվել են հանձնաժողովի դատին»,- նշեց նախարարը:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 100 հազար եվրո, որպեսզի կարողանան հանրությանը ներկայացնել «որակյալ արտադրանք»:











