Քրեական գործ է հարուցվել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների հետ կապված: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: 

«Այն բավական ընդգրկուն է եւ 2 տասնյակից ավելի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահներ եւ անգամ մեր կառույցի ղեկավար է ներգրավված եւ ես փորձում էի հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ այստեղ կոռուպցիան վերանա, ինձ ասացին, որ այդ ոլորտում աշխատողների 99 տոկոսին ուղղակի պետք է փոխել: Իսկ դա պրակտիկայում անհնարին է: Մենք այսօր էլ հայտարարություն ենք տարածել,որ բժիշկների ենք հրավիրում»,-ասաց նախարարը: 

Նա նշեց, որ այս ոլորտում իր պաշտոնավարման ընթացքում այս ոլորտն առաջին օրվանից եղել է իր ուշադրության կենտրոնում:

«Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը հենց առաջին օրվանից գտնվել է իմ ուշադրության կենտրոնում, որովհետեւ այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ որեւէ մեկը գոհ չի եղել իրեն տրված հաշմանդամության խմբից: 118 հազար քաղաքացի կա մոտավորապես, որ մեր երկրում ունի հաշմանդամություն կարգ,  բայց ակնկալիքը ոչ միայն ավելին է, այլ նախկինում եղած հատկացումների եւ խմբերի շնորհման արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ նաեւ լինում են քաղաքացիներ, որոնք չեն համապատասխանում այն կարգավորումներին, որով շնորհվում են»,-ասաց նախարար Թանդիլյանը: