Ստամբուլի ոստիկանությունը շաբաթ՝ օգոստոսի 25-ին, կոպտորեն ցրել է այսպես կոչված «շաբաթօրյա մայրերի» ավանդական խաղաղ ակցիան: DW-ն հաղորդում է, որ ցույցին մասնակցած կանանց նկատմամբ կիրառվել են ջրցաններ եւ արցունքաբեր գազ: 700-րդ անգամ անցկացվող ամենշաբաթյա ակցիայի 47 մասնակիցներ ձերբակալվել են:

Սոցցանցերի տվյալներով ձերբակալվածների թվում հայտնվել է 82-ամյա Էմինե Օկաչը: Կնոջն արդեն ձերբակալել էին նման ակցիայի ժամանակ 1997-ին՝ 2 տարի անց, երբ նրա որդին անհետացել էր քննչական մեկուսարանից:

«Շաբաթօրյա մայրերի» ակցիաները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել  իրենց հարազատների ճակատագրերին, որոնք կալանավորվել են 1980-1990-ականներին եւ անհետ կորել: Այս իրադարձությունները կապված են պաշտոնական Անկարայի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ակտիվիստների միջեւ զինված դիմակայության հետ: PKK-ի անհետ կորած կողմնակցիների ճակատագիրը երբեք պաշտոնապես չի հետաքննվել: