ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ օգոստոսի 27-ին պաշտոնավարման 100 օրվա ամփոփման մամուլի ասուլիսին անդրադարձել է Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ կապված խնդիրներին։
«100 օրերի ընթացքում Օպերայի հետ կապված շատ խնդիրներ են ինձ ներկայացվել։ Պարոն Օրբելյանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ խնդիրները հասցեագրվեն եւ հասցեագրվելու են»,–նշեց նա։
Նախարարը շեշտեց՝ Երեւանի Օպերային թատրոնի աշխատանքի արդյունավետությունը կշահի, եթե բոլոր հաստիքներն այնտեղ լինեն տարանջատված։ «Մեր կողմից հնչեցվել է այն տեսակետը, որ տնօրենը առանձին հաստիք զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին, խոսել ենք գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին»,–հայտնեց նա՝ հավելելով, որ սպասում են Կոնստանիտին Օրբելյանի արձագանքին, քանի որ հարցերի քննարկումը եղել է նրա արձակուրդ գնալուց առաջ եւ պայմանավորվել են անդրադառնալ արձակուրդից վերադառնալուց հետո։
Հիշեցնենք, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել էին Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։
Նա կարծիք հայտնեց, որ շատ դեպքերում տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքները միմյանց հետ պետք է նույնիսկ կոնֆլիկտի մեջ մտնեն, որի արդյունքում է հենց լինում արդյունավետ աշխատանքը։











