Այս խորհրդարանն իր բնական հունով աշխատում է, ու մենք խորհրդարանի աշխատանքը կարողանում ենք բնական ձեւով ապահովել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը։

«Չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս ԱԺ-ն: Մենք որդեգրել ենք, որ պետք է գնանք կուսակցությունների խոշորացման սկզբունքով: Սակայն այն առաջարկներոը, որ ընտրական օրենսգրքում բերում են, դրանով գնում ենք կուսակցությունների տրոհման, այսինք  մարդ-կուսակցությունների ստեղծման ճանապարհով: Ես չգիտեմ, թե որքանով է դա քաղաքական եւ որքանով կարող է արդյունավետ Ազգային ժողով ստեղծվել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ անբնական է, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը չի ձեւավորել կառավարություն, հետեւաբար անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ, Բաղդասարյանն ասաց. «Կարելի է նաեւ հակառակը պնդել, բայց իրոք, այդ երեւույթն անբնական է, բայց առայժմ խոչընդոտներ չկան։ Բնականաբար, քաղաքական դաշտի հետաքրքրությունը հենց այդ անբնական երեւույթներն են։ Հայերը սիրում են անբնական երեւույթներով առաջ շարժվել: Մենք էլ ենք փորձում»:

Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն դե՞մ է, որ ԱԺ-ն լուծարվի եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չի եղել քննարկում: Ես ունեմ իմ անձնական կարծիքը, որը հրապարակման ենթակա չէ»: