Որոշ դպրոցներ ստացել են արտոնյալի կարգավիճակ ՝ ընդունում են այնքան աշակերտ, որքան ցանկանում են, ոչ թե՝ որքան կարելի է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը պարզաբանեց. «Քաղաքային իշխանություններին, լիցենզիաների հետ կապված, խնդրում եմ ավելի սերտ համագործակցել լիցենզավորման մեր վարչության հետ, որովհետեւ որոշ դպրոցներ, մարզերում շատ է այս պրոբլեմը, չունեն սեփականության վկայական եւ լիցենզիաներ ստանալու առումով դժվարություններ են ունենում»։

Արայիկ Հարությունյան ընդգծեց, որ մտադիր են առաջիկայում՝ մի քանի ամիսների ընթացքում, լիցենզիաներ տրամադրելու հարցը լուծել. «Որովհետեւ, ի զարմանս ինձ, դպրոցներ կային, որ գործում էին առանց լիցենզիայի, այս ամենաթողությունն ինձ համար զարմանալի է,  եւ սրա արդյունքում որոշ դպրոցներ ստացել էին արտոնյալի կարգավիճակ եւ ընդունում էին այնքան, որքան ցանկանում  էին, այլ ոչ թե այնքան, որքան կարող են։ Հիմա մենք պետք է վերացնենք այս երեւույթը, սրա արդյունքում, իհարկե, աշակերտներ չպետք է տուժեն»,- շեշտեց նախարարը՝ հավելելով, որ հստակ մեխանիզմներ են դնելու, որ այս երեւույթը ապագայում այլեւս չլինի եւ այն դպրոցները, որոնք իրենց լիցենզիաների վերին շեմից ավելի աշակերտներ են ընդունել, հետագա տարիներին սահմանափակվեն ընդունելության առումով, մինչեւ որ ավագ դասարանները ավարտեն եւ բնական մարում լինի։

«Մինչեւ կհասնեն լիցենզիայով սահմանված իրենց տեղերին։ Սա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թերբեռնված դպրոցների համար։ Մենք այլեւս դպրոցները բերում ենք հավասար մրցակցային դաշտ։  Մենք կարծում ենք, որ դպրոցը աշակերտի համար պետք լինի արդար եւ որակյալ, կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորի համար, այլ ոչ թե քչերի»,- ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։