Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, փողոցային երաժիշտների աջակցության ակցիա է անցկացվել, որին մասնակցել են արտիստները, մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը: Ակցիան կազմակերպվել է ոստիկանների գործողությունների կապակցությամբ, ովքեր նախօրեին ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել փողոցային երաժիշտներին:

Ակցիային մասնակցել են նաեւ նախօրեին ոստիկանական բաժնում հայտնված երաժիշտները: Մասնավորապես նրանցից Իլյա Կուլիկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջադեպի օրը ինքը հարբած չի եղել եւ էներգետիկ ըմպելիք է խմել: Նա շնորհակալություն հայտնեց  մարդկանց, որոնք եկել են փողոցային երաժիշտների աջակցության ակցիային:

 «Շնորհակալություն, առանց հայ ժողովրդի քաղաքացիական դիրքորոշման այս ամենը չէր լինի»,- նշեց Կուլիկը: Նրա խոսքով, նա չի հասկանում, թե ոստիկանությունն ինչում է իրեն մեղադրում եւ առաջարկեց դիտել սոցցանցերում տարարծված հոլովակը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես  է նա իրեն այդ օրը պահել:

Ֆլեշմոբին մասնակցող հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն իր հեթին նշեց, որ ոստիկանության պնդումները, թե երաժիշտները ոչ ադեկվատ վիճակում են եղել, իրականությանը չի համապատասխանում: Նա նշեց, որ մինչեւ միջադեպը զրուցել է նրանցից մեկի հետ եւ նա նորմալ վիճակում է եղել:

 «Ոստիկանությունը պետք է աղմուկի հարցով զբաղվի, բայց չհետապնդի արտիստներին»,- նշեց նա:

Երաժիշտ Դավիթ Դանիելյանի խոսքով, երեկվա միջադեպն անմիջականորեն իր հետ էր կապված: Նա կարծում է, որ Կուլիկն իրեն ոչ ադեկվատ էր պահում եւ ոստիկանության գործողություններն իրավաչափ էին:

 «Ճիշտ կլիներ, եթե փողոցային ելույթները օրենքով կարգավորվեին, եւ երաժիշտներին լիցենզիաներ տրվեին»:

Նրա խոսքով, երաժիշտին ձերբակալել էին ոչ թե նրա համար, որ ինքը փողոցում երգում էր, այլ որովոհետեւ ինքն իր ընկերոջ հետ հարբած էր եւ ոչ պատշաճ էր իրեն պահում:

 «Երբ մենք նրան նկատողություն արեցինք, նա սկսեց գոռալ եւ սուլել: Ոստիկանները փորձում էին նրան հանդարտեցնել»,- պնդում է Դավիթը:

Ակցիային  ժամանեց նաեւ ոստիկանապեստ Վալերի Օսիպյանը: Նա երաժիշտներին զգուշացրեց, որ նրանք կարող են մինչեւ 23:00-ն ելույթ ունենալ: Օսիպյանը նորից կրկնեց, որ ոստիկանությունը նախօրեին իր լիազորությունների շրջանակում է գործել, քանի որ երաժիշտները խախտում էին հասարակական կարգը, հայհոյում էին եւ նրանցից մեկը հարբած էր:

Նշենք, որ ոստիկանությունից էլ այս առնչությամբ հայտնել են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել: