Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի Ազգային թանգարանը հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է, հայտնում է Globo:

Գործակալությունը հայտնում է, որ կրակը բռնկվել է կիրակի երեկոյան: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բռնկման պատճառը դեռեւս չի պարզվել:

«Կորսվել են 200 տարվա աշխատանքները, հետազոտությունները եւ գիտելիքները»,- Twitter-ում նշել է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը:

Թանգարանում պահվում էր ավելի քան 20 մլն ցուցադրանմուշ: Այն հիմնվել է 1818 թվականին Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ի կողմից: Թանգարանում ներկայացված էին Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների կենդանիների, հանքապարների, բրածո մնացորդների, մումիաների, հնդկացիական սպասքի հավաքածուները: