Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Վարչապետը ողջունել է Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նա երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, որ այցելում է մեր երկիր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերջին 8 տարիներին համատեղ աշխատանքը և նշել, որ այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել տարածաշրջանում և աշխարհում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դերի մասին թեման բոլոր տեսակի քննարկումների կենտրոնում է եղել, միջազգային ասպարեզում անընդհատ քննարկվել է բազմակողմանիության կարևորությունը։ «Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է։



Բայց բարեբախտաբար, մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետև դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով COP-17-ին՝ վարչապետը նշել է, որ այն ամենամեծ միջոցառումն է, որ երբևէ կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով։
Իր հերթին Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և COP 17 համաժողովի լավագույնս կազմակերպման համար։ «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, որովհետև այս համաժողովը չափազանց լավ է կազմակերպվել։ Իմ գործընկերները պատմում են, որ բանակցություններում համատեղ հայտարարության կամ համաձայնության հասնելը միշտ դժվար է։ Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում»,– ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։ Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական ներդրումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել COP 17 համաժողովի անցկացման, տեղի ունենալիք քննարկումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։ Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ նախագծի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և փոխգործակցության խթանման գործում։





























