Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ընթանում է Հայաստանի  Հանրապետությունում ստեղծարար ձեռնարկատիրական կրթության եւ  ստեղծարար  ոլորտի զարգացման «Ստեղծարար Միտք  («Creative Spark») ծրագրի շրջանակում ՀՀ կրթության եւ  գիտության նախարարության, ՀՀ մշակույթի  նախարարության եւ Բրիտանական խորհրդի  միջեւ համագործակցության վերաբերյալ  փոխըմռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրում են ՀՀ կրթության եւ  գիտության նախարար Արայիկ  Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ Մակունցը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Արեւիկ Սարիբեկյանը հայտնեց, որ ծրագրի նպատակն է հիմնադրել ստեղծարար ձեռնարկատիրական 20 կենտրոններ՝ յոթ երկրներում համագործակցելով Միացյալ Թաագավորության համալսարանների հետ: Ուսուցանել ձեռներեցության հմտություններ ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին. Մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում և մտավոր սեփականության պահպանում: Ուսուցանել անգլերեն առցանց դասընթացներ և նոր MOOC դասընթացներ ձեռներեցության լեզվի մասին:

ԿԳ նախարարը նշեց, որ Մշակույթի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը հստակ գիտակցում են, որ ունեն խնդիր արվեստն ու մշակույթը տարածելու առումով, և սա հերթական այդպիսի նախաձեռնությունն է, որին անմիջապես արձագանքել են։  

Մշակույթի նախարարն էլ հավելեց՝ ՀՀ–ն ունի ստեղծարար ու ստեղծագործ մտքի մեծ ներուժ, տարածաշրջանում ու աշխարհում էլ դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ուստի պետք է օգտագործել այդ հանգամանքը։