Նաիրա Զոհրաբյանի հասցեին հայհոյական գրառումների հարցով դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, Հավասարության եւ խտրականության եվրոպական կառույցին եւ այլ միջազգային կառուցների։ Նաեւ պետք է ասեմ, որ  ընտրություններից մեկ օր առաջ, երբ Մեդիա Կենտրոնում Դանիել Իոաննիսյանը փորձում էր հակաքարոզչություն իրականացնել ԲՀԿ–ի նկատմամբ, այդ հարցով էլ համապատասխան հայցով դիմված է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։

«Նախ՝ պետք է ներողություն խնդրեն, օրենքի առաջ պատասխանեն եւ տան այն չափի փոխհատուցում, ինչ օրենքն է պահանջում»,–ասաց նա։ 

Մելքումյանը պարզաբանեց, որ այդպիսի հակաքարոզչությունը «հեղափոխական էյֆորիկ իրավիճակում մարդկանց ուղեղների վրա շատ վատ ազդեցություն է ունենում»։

 «Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ի զարմանս մեզ, շատ կեղտոտ PR իրականացվեց  ֆեյսբուքում, տարբեր ԶԼՄ–ներում եւ դա տարբեր նախարարությունների աշխատակիցներ էին, չափն իսկապես անցել էին»,–ասաց Միքայել Մելքումյանը։

Նա ընդգծեց, որ այդ կարգի զարգացումները անպատասխան չպետք է թողնել, քանի որ եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բացառված չէ, որ նույնը կրկնվի։