Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Որեւէ մեկը չի ասել՝ արտահերթ չի լինելու, եւ մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված։ Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց եւ վարչապետը հայտարարեց նաեւ, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի միջամտություն է Ազգային ժողովի աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից», - ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է նրան, որ աղմուկ հանած «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունելու համար երեկոյան հապճել արտահերթ նիստ հրավիրվեց, Շարմազանովն ասաց, որ խորհդարանն անկախ մարմին է եւ ԱԺ պատգամավորներն ազատ են քվեարկել իրենց խղճին եւ համոզմունքներին համապատասխան. «Ո՞վ է ասել, որ հավաքված քաղաքացիների պահանջին դեմ ենք, սա այլ բան է։ Սրա նպատակը մեկն է, որպեսզի զերծ պահենք Ազգային ժողովը քվեարկությունների ժամանակ որեւէ մեկի ճնշումից»:
Նա ընդգծեց, որ մի քանի ժամից պետք է մեկնի գործուղման ու դեռ չգիտի՝ ինչպես է դուրս գալու շենքից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:
Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:
Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:











