Մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի՝ այս համաներումը բավականին ընդգրկուն համաներում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ 

«Համաներման նախագիծը ենթակա է լրամշակման, փոփոխության։ Սա նախագիծ է, եւ մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի՝ այս համաներումը բավականին ընդգրկուն համաներում է»,–նշեց Զեյնալյանը։

Հարցին՝ արդյոք լրամշակվելո՞ւ են «Սասնա ծռերին» վերաբերող հատվածները, նա նշեց. «Ես դա չասեցի, այո՛, հնարավորություն կա լրամշակելու եւ փոփոխելու նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որոշվեց «Սասնա ծռերին» եւ 2015 թվականին «Սեֆիլյանի գործով» համաներում կիրառել, իսկ «Նորքի զինված խմբի» գործով՝ ոչ, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք բովանդակային քննարկման ոլորտ ենք մտնում, պետք է հիշել, որ համաներումը պետության պարտականությունը չէ եւ այն կարող է արվել որպես բարի կամքի դրսեւորում, որպես շնորհ, որպես արտոնություն»։

Նախագծում ցմահ դատապարտվածների մասով կարգավորում չլինելու մասով Զեյնալյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը կտան առաջիկայում։

Նա, սակայն, պնդեց, որ այս հարցով վերաբերմունք է փոխվել. «Այսպիսի քանակով պայմանական վաղաժամկետ ազատումներ չեն եղել, չի եղել դեպք, երբ ցմահ ազատազրկվածներին դրական եզրակացություններ տրվի պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Յուրաքանչյուրին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում դրական լույսի ներքո»։

Դիտարկիմանը, թե 2013 թվականի համաներումը ավելի լավն էր, քանի որ մարդը համաներմամբ ամբողջությամբ էր ազատվում, իսկ այս պարագայում եթե մարդը 3 տարի պատիժը կրել է, մնացել է 6 տարի, դա կրճատվում է վեց տարի, որին ի պատասխան Զեյնալյանը նկատեց. «Խոսքը նախագծի մասին է, համաներում դեռեւս չկա։ Նախագիծը քննարկման փուլում է եւ միշտ հնարավոր է փոփոխություն կրի։ Համաներման քննարկումներից, որոշումից հետո կտանք պարզաբանումներ»։

Համաներմամբ  «Դրոյի գործով» պայմանական վաղաժամկետ կիրառելու հնարավորության մասին հարցին նա նշեց. «Ես միանձնյա որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված չեմ»։

Նկատառմանը, որ եթե մի պարագայում, օրինակ, «Սասնա ծռերի» դեպքում համաներում է կիրառվում, պետք է գոնե պայմանական վաղաժամկետ ազատում կիրառվի մյուս դեպքերում, օրինակ, «Դրոյի գործի» պարագայում, ինչին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը կրկնեց, որ համաներումը պետության պարտականությունը չէ։ 

Զեյնալյանն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նախագծի փակ քննարկումը ունի կոնկրետ հանրային շահ, հետապնդվում է լեգիտիմ նպատակ, սահմանադրական նպատակ պաշտպանելու մարդկանց իրավունքները, բոլոր այն իրավունքները, որոնք կարող են դառնալ հանցագործության թիրախ։ «Անձինք, որոնք զբաղված են համաներման փաստաթղթի քննարկմամբ, նրանք կարող են վիկտիմիզացվել, կարող է նաեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակել»։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախագծի հրապարակումը հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ, որ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է փակ ռեժիմով, ապա հավելեց, որ նախագիծը հրապարակման ենթակա չէր, այդ թվում՝ ԱԺ կայքում. «Ինչ–ինչ ճանապարհներով հայթայթել փաստաթուղթը եւ դարձնել հրապարակման առարկա հակասում է հանրային շահին։ Մինչ ԱԺ կայքում հրապարկվելը փորձ է արվել ձեռք գցել եւ հրապարակել փստաթուղթը։ Փաստաթուղթը ուղարկվել է ԱԺ, սակայն ենթակա չէր հրապարկման»,–եզրափակեց նա։