Ես Ազգային ժողովով, քաղաքականությամբ չեմ ապրում, ես ամեն ինչ ունեմ, ամեն ինչի հասել եմ, ուղղակի ուզում են օգտակար ու պիտանի լինեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին իր մասնակցությանը:

Հարցին, թե նոր ԱԺ-ում ընդդիմությո՞ւն են լինելու, թե կոալիցիա կկազմեն Փաշինյանի կառավարության հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Նախորոք ոչ մի բան չեմ ուզում ասել, իմ ուզածն է, որ երկիրը զարգանա, մեր խնդիրները կարգավորվեն: Որը լավ լինի, իմ ժողովուրդը որը ուզի, դա կլինի»:

Դիտարկմանը, թե եթե ժողովուրդը գուցե ուզի, որ դուք ընդդիմություն լինեք, կլինե՞ք, Ծառուկյանն արձագանքեց. «Իմ ժողովրդի ցավը տանեմ, ինչ ուզի, կլինի: Էսօր եթե ամեն մեկը ժողովրդի անունն օգտագործելով ի հայտ գա, քաղաքականության մեջ լինի, Ծառուկյանը գործով է ապացուցել: Ժողովուրդը չի ուզի, կարող եմ քաղաքականությամբ չզբաղվել»: