Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 31–ին, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչու է այս համաներումն աննախադեպ։

«Աննախադեպ եզրույթը երեւի թե վերնագրերից եք ընթերցել։ Դա իմ հայտարարությունների տված գնահատականն է կամ որակումը։ Ամենաընդարձակ համաներումը սա է։ Եվ բացարձակ, եւ հարաբերական թվով սա ամենամեծ համաներումն է, տեղեկանքի ձեւով այն կարող է նաեւ հրապարակվել»,– խորհրդարանում Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտակ Զեյնալյանը։

Հրաչյա Հակոբյանը հետաքրքրվեց նաեւ նախարարի պաշտոնակատարից, թե ինչու է համաներումը կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն մինչեւ 3 տարեկան երեխա. «Ինչո՞ւ է ընտրվել հենց մինչեւ 3 տարեկանների շեմը, որովհետեւ 4 տարեկանն էլ է անչափահաս, 5 տարեկանն էլ»։

Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ այս շեմը նախատեսված է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերով. «Սա կարելի է ասել՝ սոցիալական ակցիա է՝ ուղղված ընտանիքների, երեխաների պաշտպանությանը։ Սա ներառված է մեր նորմատիվ բազայում»։

Հրաչյա Հակոբյանը հարցը կրկնեց։

«Սա ունի բժշկագիտական, սոցիալական հիմքեր, եւ բազմաթիվ նորմատիվ ակտերում հենց երեք տարեկանն է ընտրված որպես եզր»,– ասաց հիմնական զեկուցողը։