ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքն է, որ բեռնաթափվել են ՔԿՀ-ները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց Զեյնալյանին. «Երկար ժամանակ ասվում է, որ մեր ՔԿՀ-ները ծանրաբեռնված են: Այդ երբվանից ՔԿՀ-ները այլեւս բեռնաթափման կարիք չեն զգում: Արդյոք դրանց վրա ազդե՞լ է վերջին 6 ամիսների ակցիաները, որոնց շնորհիվ նաեւ պատգամավորների նամակների շնորհիվ բազմաթիվ մարդիկ ազատ արձակվեցին: Միանգամից քանի՞ մարդու բաց թողեցիք, որ ՔԿՀ-ներում տեղերն ազատվել են: Երբվանից կալանավայրերի դռները բացեցիք»:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ կալանավայրերի դռները չեն բացել. «Այդ ամենն արվել է օրինականության շրջանակներում: Երբ ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, 1-2 ՔԿՀ-ներում եղել են խցեր, որտեղ մի մահճակալի վրա մի քանի մարդ է քնել հերթով: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների, պայմանական վաղաժամկետ ազատումների շնորհիվ, նաեւ մարդիկ են կալանքից ազատ արձակվել:

Այո, մեծ թվով մարդիկ պայմանական վաղաժամկետ ազատվել են: Այս ինստիտուտը գործում է: Այսօր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված անձանց 1/3-ն ազատ է արձակվում դատարանների կողմից: Միաժամանակ կալանքի իրավակիրառական պրակտիկան է բարելավվել: Այդքան շատ չեն կալանքներ կիրառվում, քիչ են նման միջնորդություններ ներկայացվում եւ դրանց 95 տոկոսը չէ, որ բավարարվում է»: