Մենք այս փուլում ստացել ենք դատավորի հետ կապված մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, բայց դա չի նշանակում, թե գործընթացն ավարտված է: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով դատավոր Վաչե Մարգարյանի այօրվա «հարցաքննությունը», ով այդ գործով անցնող գլխավոր անձանցից մեկն է:
Կոստանյանի խոսքով՝ սա սովորական ընթացիկ գործընթաց է: Նա հրաժարվեց մանրամասների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն կատարել: «Հաշվի առնելով, որ հանձնաժողովում ներկայացված քաղաքական ուժերը նախընտրական արշավի մեջ են մտնում, ես պետք է նրանց հետ քննարկեմ հաջորդ նիստի կոնկրետ օրը եւ ժամը, քանի որ չեմ կարող խոչընդոտել նրանց նախընտրական գործունեությանը՝ դա պայմանավորելով մեր աշխատանքին մասնակցելու անհրաժեշտությամբ»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե իրենք պատրաստվո՞ւմ են անցնել աշխատանքի մշտական ռեժիմի:











