ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ հավանական է համարում, որ մինչեւ ընտրարշավը ՀՀԿ–ն անցկացնի համաժողով։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նկատեց, որ վերջնական ժամկետ դեռ չկա, բայց մինչեւ քարոզարշավի սկիզբը՝ փաստաթղթերի հանձնումը ԿԸՀ, կուսակցությունը համաժողով կանի եւ կներկայացնի իր տեսլականը Հայաստանում արտաքին, ներքին մարտահրավերների, ինչպես նաեւ նախընտրական ընտրապայքարի ժամանակ կարեւորագույն շեշտադրումների մասին, կքննարկվի ՀՀԿ–ի մասնակցությունը ընտրություններին եւ ինչպիսի կազմով։

Սերժ Սարգսյանը կգլխավորի՞ ՀՀԿ նախընտրական ցուցակը, թե՞ ոչ, Շարմազանովը դեռ չի նշում։ Ասում է՝ տարբեր անուններ են շրջանառվում. «Իհարկե, էական է՝ ով է ցուցակը գլխավորում, բայց ավելի էական է՝ ինչ քաղաքական թիմով ես գնում»։

Պետք է գնալ այն քաղաքական թիմով, որը ծանր ժամանակներում թե՛ Հայաստանի, թե՛ՀՀԿ–ի համար եղել են սկզբունքային եւ չեն վախեցել հայհոյանքներից եւ, անկախ ամեն ինչից, ունեցել են քաղաքական դիրքորոշում՝ ասաց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ 2017–ին էլ Սերժ Սարգսյանը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ չի գլխավորել ցուցակը։

Մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը, հաջորդելու են էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, ՀՀԿ մամուլի խոսնակը լուրջ չի վերաբերվում։ Ասում է՝ ցուցակը՝ անուն ազգանունով, չեն քննարկել, բայց իր համար էական է՝ ինչ ասելիքով են գնում ընտրությունների։

Շարմազանովն ընդգծեց՝ շարունակելու է իր քաղաքական պայքարը, նույնիսկ եթե մենակ մնա. «Նժդեհը մի գործ ունի՝ «Վճռական մենակը»։ Ես վճռական մենակն եմ»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։