Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունում 99 տոկոսով մնացել են նույն աշխատակիցները, ընդ որում՝ որոշ մարդիկ իրենց կամքով են աշխատանքից ազատվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ անդրադառնալով լրատվական ծառայության կադրային փոփոխություններին։

Նա նշեց, որ նախկինում լրատվական ծառայության համար ինքը պատասխանատվություն չէր կրում։

«Ներկայումս պատասխանատվություն կրում եմ, բայց միայն ֆորմալ առումով։ Այսօր ես այնտեղ կարող եմ կատարել կադրային փոփոխություն»,– ասաց նա։

Հարցին՝ նախո՞րդ, թե՞ ներկայիս իշխանությունների օրոք էր ավելի ազատ աշխատում, Գրիգորյանը պատասխանեց.

«Նախկինում ես՝ որպես տնօրեն, երբեք կաշկանդվածություն չեմ ունեցել, քանի որ լրատվական ծառայության ղեկավարմամբ առանձնապես չեմ զբաղվել։ Քանի որ այսօր ինձ այդ հնարավորությունը տրված է, մենք բոլոր հարցերը միասին ենք քննարկում, պարզապես աշխատանքային  իրավիճակի փոփոխություն կա, ինչի պարագայում նույնպես որևէ բանով  կաշկանդված չեմ, ամեն օր հնարավորություն ունեմ մտնելու «նյուզռում», շփվելու լրագրողների հետ, սակայն ես դա չեմ անում՝ ելնելով իմ աշխատանքային ծանրաբեռնավածությունից»,– ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ թե՛ նախկին, և թե՛ ներկայիս իշխանությունների օրոք ինչ–ինչ հաղորդումներ կամ լուրեր եթեր տալու կամ չտալու հարցով զանգեր չի ստացել։

«Նախորդ իշխանությունների կողմից բացառապես զանգեր եմ ստացել պետական միջոցառումներ նկարահանելու մասով»,– նշեց նա։

Անդրադառննալով ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանին եթեր չտրամադրելու լուրերին՝ Գրիգորյանն ասաց.

«Մենք պարոն Աշոտյանին մի քանի անգամ հրավիրել ենք «Խաղի կանոններ» հաղորդաշարին, սակայն պարոն Աշոտյանը երբեք ցանկություն չի հայտնել մասնակցելու հաղորդաշարին, նա ցանկություն է հայտնել հարցազրույցի ֆորմատով հանդես գալու։ Ցավոք, մենք նման ֆորմատով մեկ հաղորդում ունենք, ինչի պարագայում առաջնահերթություններ կային. հիմա ամենօրյա հարցազրույցներ կունենաք, և պարոն Աշոտյանը և բոլոր նրանք, ովքեր կուզեն հարցազրույց տալ՝ բաց ենք»,– ասաց նա։