Սեւանի ոստիկանության բաժնում կասկածյալներին ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 8–ին, բողոքի ակցիա են իրականացրել գլխավոր դատախազության դիմաց։
Ոստիկանության ծառայողների ազգականների պնդմամբ՝ հաղորդում տված տղամարդը «շառ է անում»։
«Մեր տղաներն ահազանգի հետքերով գնացել են, բերման ենթարկել հանցագործին, որը դուրս է եկել բաժնից ու գնացել, շառ է արել։ Անհնար է՝ մեր երեխեքը հանցագործություն արած լինեն։ Միակողմանի քննություն է ընթանում։ Մեր երեխաներին պետք է ստորագրությամբ ազատ արձակեն, ոչ թե գրավ կիրառեն։ Մերոնք անմեղ են»,– NEWS.am–ին ասաց մեղադրյալներից Դավիթ Սահակյանի մայրը։
Բողոքող ազգականներին ընդունել են դատախազությունում եւ լսել նրանց բողոքը՝ վստահեցնելով, որ արդար քննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ա.Մ.–ն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: Նրանց մեղադրանք է առաջադրվել եւ գրավի դիմաց ազատ են արձակվել։
Նշենք, որ Ա.Մ––ի քույրը NEWS.am–ի հետ զրույցում ավելի վաղ դեպքից մանրամասներ էր հայտնել։











