Դուշանբեի պայմանավորվածություններից հետո որպես կարեւոր արդյունք նշվում էր առաջնագծում լարվածության թուլացումը։ Սա փաստացի կարճ տեւեց․ Արցախի պաշտանության նախարարությունը հայտարարել է՝  հակառակորդը շարունակում է առաջնագծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմելու պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ: 

Շենգավիթի դատարանը, այսօր, շարունակել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործի քննությունը։ Մեղադրյալ Էդգար Սողոմոնյանի ցուցմունք էր տվել, թե Արմեն Բիլյանին տեսել է զենքը ձեռքին, փողը դեպի սենյակն ուղղված, լսել է կրակոցի ձայն, որից հետո սենյակից դուրս է եկել վիրավոր ոստիկան։ Այս ցուցմունքը, ըստ Բիլյանի, կեղծ է ու թելադրված։

Հիշեցնենք՝ Էդգար Սողոմոնյանը «Սասնա ծռերի» այն անդամն է, որի ծնողները ՊՊԾ գնդի գրավման օրերին մտել էին գնդի  տարածք  և համոզում էին որդուն տուն վերադառնալ։ 

«Սասնա ծռերի» դատին մասնակցում էր նաեւ Զարուհի Փոստանջյանը։ Նա կպաշտպանի Արմեն Բիլյանի եւ Պավել Մանուկյանի շահերը ։ Մինչ այս Փոստանջյանը լրագրողներին ասել էր, որ մեղադրանքը օրինական չէ եւ իր նպատակն է հասնել «Սասնա ծռերի» արդարացմանը։ Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում նոր ապստամբություն ծագի, Փոստանջյանը պատասխանել է՝ իհարկե Նա զարգացրեց թեման, հայտարարեց՝ տեղի է ունեցել կեղծիք, որ իբրև թե Սերժ Սարգսյանը մերժվել է, եւ նրա տեղը եկել է մի նոր անձնավորություն, մինչդեռ ամբողջ քաղաքական կառուցվածքը շարունակում է մնալ նույնը։ 

Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նա Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է, մեղադրվում է նույն գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար, սրան գումարվել է եւս երկու հոդված՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ  և այդ լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար։  Առաջին մեղադրանքով կալանքի որոշում կար, որը բեկանել էր Վերաքննիչ դատարանը․ այս որոշման դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու

Դոլարի փոխարժեքը նվազել է՝ կազմելով 483 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 613, ռուսական ռուբլու փոխարժեքը 6 ու 98 դրամ դրամ է: 

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են առատ ձյուն, բուք, ճանապարհներին` մերկասառույց: Երեւանում սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։