Եթե դահլիճում նստած է դեսպանի որդին, մենք այստեղ հասկանում ենք, որ այստեղ կա նաեւ հարցի բարոյական կողմը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած քննադատությանը, որ թեժ վիճաբանության առիթ էր տվել հենց ԱԺ դահլիճում:
«Այդուհանդերձ, մենք պետք է անենք առավելագույնը, որ գործընթացները լինեն բացառապես կոռեկտության սահմաններում: Մենք ասել ենք, որ երբեք որեւթ մեկի անձնական տիրույթ չենք մտնելու, չենք փորչձելու անձնական թիրախներ ընտրել: Բայց երբ որ կլինեն նման նախադեպեր, բնականաբար, պատասխանն անպայման լինելու է: Եթե մարդիկ փորձելու են քաղաքական բովանդակության մեջ անձերի թիրախավորել, պատասխան անպայման լինելու է»,-ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» լարվածությանը, Զոհրաբյանը նշեց, որ իրենք մրցակցության մեջ չեն. «Բայց եթե մեր գործընկերները համառորեն փորձում են մեզ մղել բանավեճի դաշտ, մենք երբեք որեւէ բանավեճից չենք փախել, մենք փախնող տեսակ չենք: Լարվածության հրահրողը մենք չենք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, մասնավորապես հիշատակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարումը:
Բաբաջանյանը նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:
Ի դեպ, Արման Բաբաջանյանի ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ով Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան, տեղից բղավեց՝ «կարճ կապի» ու հեռացավ նիստերի դահլիճից՝ շրխկացնելով դուռը: Նրան հետեւցին մի քանի ԲՀԿ-ականներ:











