Մհեր Եղիազարյանի մահվան գլխավոր պատասխանատուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը պետք է ունենա այն անձանց ցուցակը, որոնք իրենց քաղաքական բանտարկյալ են համարում, եւ հատուկ մոտեցում դրսեւորի ու հատուկ հսկողություն սահմանի նրանց վարքագծի նկատմամբ: «Հակասությունն այն է, որ Արտակ Զեյնալյանը ժամանակին հայտարարել է, թե քրեակատարողական հիմնարկներում քաղաքական բանտարկյալներ չկան, մինչդեռ պարզվել է, որ կան մարդիկ, որոնք իրենց այդպիսին են համարում: Այն մարդիկ, որոնք հացադուլ են հայտարարում, պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- նշեց նա:
Փոստանջյանը շեշտեց, որ այս դեպքը, ինչպես նաեւ Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտումը, որը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, խոսում է այն մասին, որ Հայաստանում շարունակվում է բռնապետական իշխանությունը: Ընդդիմադիրը հավելեց, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունն աշխատում է այն ուղղությամբ, որ երկրում բռնապետությունն արմատախիլ անի, սակայն դրա համար պետք է ցանցային պայքար մղել: Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի վարած քաղաքական գիծը ոչ մի բանով չի տարբերվում Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Ի նշան բողոքի՝ նա հացադուլ էր հայտարարել, որը տեւել էր 44 օր: Հացադուլը դադարեցնելուց հետո Եղիազարյանի կյանքը փրկել չէր հաջողվել:











