Չեմ կարծում, թե կառավարությունը հրաժարվել է կառուցվածքային փոփոխություններին գաղափարից, եւ հենց այդ պատճառով է 10 հազարով պարզապես կրճատում են պետական ապարատը։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հավելելով, որ առանց կառավարության կառուցվածքային փոփոխությունների այդ կրճատումները հնարավոր չեն լինի։

«Այդ պրոցեսն ամբողջությամբ թափանցիկություն է պահանջում, եւ թափանցիկությունն է միակ երաշխիքը, որ քաղաքացիները վստահ լինեն, որ աշխատանքից չեն ազատվի կրկին ուղղորդվելով խնամի- ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչպես նախկինում եղել է։ Հստակ պետք է սահմանվեն՝ ինչպես են ընտրվելու այն աշխատակիցները, որոնք ազատվելու են աշխատանքից եւ պետությունն ինչ պատասխանատվություն է իր վրա վերցնելու աշխատանքից ազատված քաղաքացիների հետ կապված»,- ասաց Գորգիսյանը։

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ պետական ապարատի նման մեծ կրճատումը կարող է զանգվածային բողոքի ալիք բարձրացել, ԼՀԿ պատգամավորն արձագանքեց. «Չեմ կարող ասել սա բողոքի կբերի, թե ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հեռանկար են այդ քաղաքացիները տեսնելու իրենց համար։ Եթե վերապրոֆիլավորման գործընթացի արդյունքում նրանք տեսնեն արդյունք, ապա, այլ կլինի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։