Չորս անչափահաս երեխաների հետ այսօր՝ մարտի 7-ին, կառավարության մոտ էին եկել Իզաբելլա Մարտիրոսյան եւ Արմեն Գեւորգյան ամուսինները։ Նրանք խնդրում էին կառավարությանը իրենց բնակարան տրամադրել, նշում էին՝ արդեն 4 օր է մնացել են փողոցում։

Ամուսինները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ իրենք Եղեգնաձորից են, սակայն այնտեղ տուն չունեն, Երեւանում 9 ամիս վարձով են մնացել, սակայն տանտերը դուրս է հանել իրենց։ «Ներքեւի հարեւանը ասում է՝ երեխեքը վազում են տան մեջ, էս վերջին ամսվա կոմունալն էլ չեմ կարողացել վճարել զուտ էն պատճառով, որ ստացել եմ 40 հազար դրամ, մինչդեռ կոմունալի վճարը կազմել է 60 հազար։ 5 օր առաջ ոստիկանությունում էի աշխատում, բայց գործից դուրս եմ  եկել, որովհետեւ 40 հազար դրամով հնարավոր չի 4 երեխա պահել։ 4 օր է՝  մեքենայում ենք մնում, գազի բալոն ենք վառում, որ մեքենան տաքանա»,– նշեց Արմեն Գեւորգյանը։

Կինն էլ հավելեց, որ ինքն արդեն աշխատանքի է անցել «Սանիտեքում», բայց դեռ աշխատավարձ չի ստացել։ Նրա խոսքով՝ երկու, չորս, տասը եւ տասներկու տարեկան անչափահաս երեխաների հետ հայտնվել են փողոցում. «Բոլոր բանկերը մտել եմ, խնդրել եմ հիփոթեքով մեզ բնակարան տան, ոչ մեկ վարկ չի տրամադրում»,–նշում է Իզաբելլա Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ անելանելի վիճակում են հայտնվել. «Եթե կարողանում են մի քանի միլիոն տան, տոնածառ առնեն, դնեն, ուրախանան, այդ փողով կարող էին անապահովների համար տուն առնեին, տային, որ մարդիկ ապրեին։ Տոնածառ են դրել, վրեն ուրախանում են, իսկ իմ երեխեքը 4 օր է՝ դուրսն են քնում։ Էլ չգիտեմ՝ ինչ անեմ, մնում է բենզինը լցնեմ վրես, վառվեմ, պրծնեմ»,– ասաց Իզաբելլա Մարտիրոսյանը։

Ամուսինների խոսքով՝ վարձով բնակարան էլ չեն կարողանում գտնել, քանի որ տերերը վախենում են, որ փոքր երեխաները գույքը կվնասեն։